Տնօրենը լռում է, փաստերն՝ աղաղակում

30/06/2022 01:12
Տնօրենը լռում է, փաստերն՝ աղաղակում

Տարիների ընթացքում, նորանոր հաջողություններ արձանագրելով, Երեւան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը, շարունակում է պահել տարածքի առաջատար դպրոցի համբավը։
Մեր կայքին են դիմել դպրոցի ծնողներից մի քանիսը՝ խնդրելով անդրադառնալ դպրոցի հաջողություններից մի քանիսին, որոնցից առավել, կարեւորում էին դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը տարածքի դպրոցներից միայն թիվ 155 դպրոցում է գործում։
Բանն այն է, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: 
Միությունը լաբորատորիաների բացման շեշտը դրել է մարզերի դպրոցների վրա, այդպիսով ապահովելով մայրաքաղաքից հեռու գտնվող աշակերտների համար ստեղծելու ինժեներական կրթություն ստանալու պայմաններ։
Ցավոք, Երեւան քաղաքի ոչ բոլոր դպրոցներն ունեն լաբորատորիաներ․ մի քանիսն են, որոնք կարողացել են հովանավորների, երբեմն էլ սեփական միջոցների հաշվին բացել նման դասասենյակներ։
Այդպիսի դպրոցների թվում է Լեւոն Միրիջանյանի անունը կրող թիվ 155 դպրոցը, որտեղ  տնօրեն Նաիրա Մանվելյանի ջանքերի ու դպրոցի խնայված միջոցների հաշվին, ստեղծվեցին պայմաններ ու բացվեց «Արմաթ» ինժենեական լաբորատորիան։ 


Դպրոցի մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ուսուցչհուհի, լաբորատորիայի խմբավար Արմինե Բենիամինյանից էլ տեղեկացանք, որ այս պահին խմբակն ունի թվով մոտ 100 սաներ։
-Մոտ երեք տարի է բացվել լաբորատորիան, ի շնորհիվ ընկեր Մանվելյանի, որը շատ դրական արձագանք ունեցավ ծնողների կողմից։ Այս պահին տարածքի դպրոցներից միայն թիվ 155 դպրոցում է գործում «Արմաթ» լաբորատորիան, ու մեր խմբակ այցելող երեխաների մոտ 20 տոկոսը հարեւանությամբ գտնվող դպրոցների աշակերտներ են։ Պահանջարկը բավականին մեծ է, երեխաների շահագռգվածությունը նույնպես։ Հատկապես, ոգեւորիչ է, երբ տարբեր մրցույթների ենք մասնակցում ու հաղթանակներ արձանագրում, այդպիսով երեխաների ոգեւորությունը կրկնապատկվում է։ Օրինակ, վերջին մրցույթը որին մասնակցել ենք,- պատմում է Արմինե Բենիամինյանը,- Դիջիկոդ 2022 մրցույթն էր՝ հանրապետության մասշտաբով։ 300 դպրոցներից 155 դպրոցն անցել է եզրափակիչ փուլ, ու միակ դպրոցն է եղել, որ երկու խմբավարներս էլ մեր աշակերտների ու աշխատանքների հետ միասին անցել ենք եզրափակիչ։
Արմինե Բենիամինյանի փոխանցմամբ, իրենց խմբակը մասնակցել է «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան» միջազգային մրցույթին, իրենց ստեղծած հեռախոսային հավելվածը ներկայացնելով, որը հնարավորություն է տալիս տարեցներին պարզեցված կարգով օգտվել սմարթ հեռախոսներից եւ անհրաժեշտ առաջին օգնության հեռախոսահամարներից (այդ թվում նաեւ դեղատների ցանցեր, սուպերմարկետներ եւ այլն։ Հեղ․) օգտվել մատի մեկ հպումով։
Ծնողներից մեկը, ով պարզապես անունով ներկայացավ՝ Լիլիթ, մեծ ոգեւորությամբ պատմում էր, թե ինչ մեծ ձեռքբերում է, երբ երեխան տարրական դասարանից, դասերին զուգահեռ, եւ ինչպես ինքը նշեց՝ դասերին նպաստելով մասնագիտություն եւ մտածելակերպ է ձեռք բերում։
-Չեք պատկերացնի ինչ մեծ ոգեւորություն էր ծնողներիս համար «Արմաթ» լաբորատորիայի ստեղծումը, չեք պատկերացնի այս կարճ ժամանակահատվածում, ինչ Նաիրա Մանվելյանը նշանակվեց մեր դպրոցում տնօրեն, որքան բան է փոխվել։ Տնօրենը լռում է, իր փոխարեն խոսում են այն նոր դասասենյակները, որտեղ գործում են տարբեր խմբակներ ու դասասենյակներ։ Տարածքում պտտվեք ու կտեսնեք, ոչ մի դպրոց չունի նման լաբորատորիա, որը այս ՏՏ զարգացման դարաշրջանում երեխաներին հնարավորություն է տալիս ինժեներական մտածողություն ձեռք բերել,- ներկայացնում է ծնողը,- Իմ երկու տղաները փողոցից ու համակարգչային խաղերից կտրվեցին այս լաբորատորիայի շնորհիվ, սա մեծ ձեռք բերում էր, իմ պես մտածող ծնողները՝ տասնյակից ավելի են։ Շրջեք դպրոցում, կհամոզվեք, որ չեմ չափազանցնում, հանրակրթական դասերն ավարտելուց հետո, դեռ աշակերտների հոսքը չի դադարում դպրոց, անվճար խմբակները՝ ռոբոտաշինություն, «Արմաթ» եւ այլն, երեխաներին բազմակողմանի զարգացման են տանում։ Թող խոսքերս ճոռոմ չթվան, բայց այս դպրոցից երեխան չի կարող թերուս դուրս գալ։
Քանի որ դպրոցում քննական եռուզեռ էր, մեզ չհաջողվեց նկարահանումներ անել դպրոցում եւ հանդիպել տնօրենին։ Ծնողների ուղղորդմամբ, թերթում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջը ու հանդիպում այն բազմաթիվ կատարված աշխատանքներին, որոնց մասին  խոսում էին ծնողները։

Նոր բարեկարգված՝ դահլիճ, գրադարան, ինֆորմատիկայի դասասենյակ։

Աղբի ու խոնավության մեջ թաղված նկուղ, որը վերածվել է դասասենյակի ու ապահով ապաստարանի։



Հուսանք, որ հանրային շահը եւ սերունդներին որակյալ կրթություն տալու ազնիվ մղումը վարակիչ կլինի, եւ  միրիջանյանական հաջողությունները օրինակ կծառայեն մյուս դպրոցների համար։ HZHAM.am-ը հետեւողական կլինի եւ առաջիկայում ավելի հանգամանալից կներկայացնի դպրոցի առօրյան։

Ա․ Գրիգորյան