Ահազանգ․ Քաղաքապետարանը հարցերը լուծում է ծառի ճյուղով՝ ծայրին լաթի կտոր փաթաթելով

09/04/2022 19:00
Ահազանգ․ Քաղաքապետարանը հարցերը լուծում է ծառի ճյուղով՝ ծայրին լաթի կտոր փաթաթելով

HZHAM-ը ահազանգ է ստացել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակչից, ով բյուրոկրատական անտարբերությանը բախվելով, ստիպված դիմում է լրատվամիջոցին՝ խնդիրը խուլ ականջներին հասցնելու համար։

Նամակը՝ ստորեւ․

«Բարև Ձեզ հարգելի Հայկական Ժամ, Ձեզ գրում է Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ։ Աղբյուր Սերոբ փողոցի վերջնամասում չգիտենք ով, նորակառույցի հիմք է գցում, Աստված իր հետ, ուղղակի հիմքի քանդված ժայռաբեկորները ամեն օր տասնյակ հսկա բեռնատարներով տեղափոխում են Աղբյուր Սերոբ նեղ փողոցով, ու երևի փողոցը նախատեսված չէ նման բեռնատարների համար, առավել ևս երբ դրանք բարձված են տասնյակ տոննաներ կշռող քարաբեկորներով։

Արդյունքում, փողոցում առկա բոլոր ջրահեռացման և խմելու ջրի հորերի շուրջը, առաջացել են հսկայական փոսեր, որոնցից ամեն մեկի մեջ տնկել են մեկ ծառի ճյուղ՝ ծայրին լաթի կտոր փաթաթելով, ահա իրենց հարցի լուծումը։

Բազմաթիվ անգամներ զանգել եմ թաղապետարան, քաղաքապետարան, Վեոլիա Ջուր, ոչ մի արձագանք, կենդանի շունչ չկա, մեկը մյուսի վրա գցելով, խնդիրը հեռացնում են իրենցից, ու անտերություն է, ոչ մեկին չի հետաքրքրում, կամ էլ երևի կառուցապատողը շաաաատ բարյացակամ հայացքով «նայել» է իրենց։

Նման անտերության արդյունքում վնասվել է Աղբյուր Սերոբ փողոցից դեպի իմ տուն եկող ջրագիծը` ինձ պատճառելով 150000 դրամի վնաս, արդյունքում բառիս բուն իմաստով ջարդվում են փողոցով երթևեկող մեքենաները։ Հերթը հասել է Վաղարշյան փողոցին, որտեղ արդեն կամա՜ց նույն վիճակն է։

Քանի որ ո՛չ կառուցապատողին, ո՛չ վարչական շրջանի աշխատակիցներին, ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին չի հետաքրքրում այդ վիճակը, ու ոչ մի կերպ չեն արձագանքում, խնդրում եմ և ակնկալում եմ Ձեր օբյեկտիվ և հետեւողական մոտեցումը այս խնդրին, ինչ անում չեն անում, գոնե այն ինչ հանրային է, այն ինչ ընդհանուր օգտագործման է, դա չվնասեն , դա չփչացնեն հանուն իրենց շահերի, և էդպես թողնեն ու մենք, որ նույն քաղաքի , համայնքի, թաղի բնակիչ ենք՝ ստիպված լինենք հանդուրժել այս անտեր վիճակը։
Կանխավ շնորհակալություն»։