Օլիգարխը մտնում է հղիների գրպա՞նը

21/03/2022 22:42
Օլիգարխը մտնում է հղիների գրպա՞նը

Տարբեր իշխանությունների «զոնտիկ բռնող» օլիգարխ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ով հայտնի է իր քարից փող քամելու ձիրքով, այս անգամ որոշել է մտնել հղիների՞ գրպանը։
Մեր կայքին է դիմել «Աստղիկ» ԲԿ աշխատակիցներից մեկն, ով տեղեկացրել է, որ արդեն երկու ամիս է Բժշկական կենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքում նոր օրենք է կիրառվում է, այն է․
-Բոլոր ժամանակներում գործել է բժիշկ-պացիենտ հարաբերությունը եւ ազգային մենթալիտետից ելնելով, մեր հղիները ինչ-որ կերպ իրենց շնորհակալությունն են հայտնել ծնունդ ընդունող բժշկից։ Այս տարեսկիզբը նորամուտով սկսվեց բաժանմունքի համար՝ հունվար ամսին, տնօրինության նախաձեռնությամբ, ժողով հրավիրեցին եւ գինեկոլոգներին տեղեկացրին՝ «Այսուհետեւ, եթե հղին ցանկանում է, որ իր բժիշկը մասնակցի ծնունդին, ԲԿ-ի գանձարկղ պետք է վճարի 40 հազար դրամ»,- պատմում է կայքին դիմած բուժաշխատողը, ում հավաստմամբ, ժողովից բժիշկները դուրս են եկել սաստիկ զայրացած։ 


Երբ այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ԲԿ տնօրինությունից, տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղղորդմամբ, մեր հարցին պատասխանեցին՝ կենտրոնի Մանկաբարձության բաժանմունքի ղեկավար Արման Նազինյանը, ով հերքեց տեղեկությունը, եւ համոզված պնդում էր, որ իր բաժանմունքից ոչ մեկ չէր կարող դիմել լրատվամիջոցի։ Այն հարցին, թե նման ժողով եղե՞լ է, ասեց՝ «Այո՛, բայց հղին ոչ մի գումար չի վճարում բժշկի մասնակցության համար։ Բժիշկները ստանում են իրենց հասանելիք բոնուսները»։


Գլխավոր հաշվապահի պնդմամբ, իրենց մոտ ծննդօգնությունն անվճար է, բացառությամբ մի քանի ծառայությունների, թե որո՞նք են այդ ծառայությունները, հաշվապահը կիսատ թվարկեց՝ «Վճարովի պալատ, խնամակալ, սնունդ եւ այլն»։


Ստացված պատասխանն ավելի է զայրացրել մեզ դիմած աշխատակցին, ով ինչպես ինքն է մեկնաբանում՝ «ատում է սուտը»։
-ԲԿ ձեր այցելությունից հետո մեծ իրարանցում էր սկսվել, եւ ամեն գնով փորձում էին պարզել, թե ինչպե՞ս է տեղեկությունը դուրս եկել եւ հասել ձեզ, իսկ ներքին կարգով հրահանգում էին թեմայի առնչությամբ աղմուկ չբարձրացնել։ Ինչ վերաբերում է բժշկի ծնունդին մասնակցելուն։ Հասկանու՞մ եք, հղիության ողջ ընթացքը վարում է բժիշկը, ոչ բոլոր հղիների մոտ է այն հարթ անցնում, եւ կան հղիներ ովքեր բարդություններից խուսափելու համար, ցանկանում են, որ հղիության պատմությանը ծանոթ բժիշկը վարի ծնունդը, բայց հանդիպում է նման խնդրի։ Ոչ բոլոր ընտանիքները կարող են 40 հազար վճարել միայն բժշկի ներկայության համար։ Նախկինում, միգուցե հղին իր շնորհակալությունը հայտներ քաղցրավենիքով, սուրճով, թեկուզեւ դրամական նվեր, բայց ոչ ֆիքսված կլորիկ գումար։ Մտնում են բժշկի գրպանը, իսկ այնտեղ դատարկ է՝ ֆիասկո,- իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։
Դե ինչ, հուսանք, բարձրաձայնումը կհարթի խնդիրները, եթե դրանք առկա են, իսկ ծնունդներն այսուհետ կլինեն բարի ավետիսով եւ առանց շահերի բախումների։

Աննա Գրիգորյան