Խաղադրույքը՝ Ուկրաինա

15/03/2022 13:28
Խաղադրույքը՝ Ուկրաինա

Ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը մենամարտի է կանչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպես խաղադրույք նա նշել է Ուկրաինան։

Այս մասին Մասկը գրել է Twitter-ի իր էջում՝ ռուսերեն լեզվով հարցնելով. «Համաձա՞յն եք այս կռվին»՝ միաժամանակ նշելով Կրեմլի Twitter-ի էջը։Կրեմլի փոխարեն նրան պատասխանել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը` մեջբերելով հատված Ալեքսանդր Պուշկինի «Տերտերի եւ նրա Բալդի ծառայի հեքիաթ»-ից․ «Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ, Բալդին վազի քեզպեսի հետ․ Քիչ սպասի թող լըղպորը,Գնամ բերեմ իմ եղբորը»։

Դրանից մեկ օր առաջ Իլոն Մասկը բողոքել էր գնաճային ճնշումներից։ «Tesla-ն եւ SpaceX-ը բախվում են նկատելի գնաճային ճնշումների հումքի եւ լոգիստիկայի ոլորտներում»,- գրել էր նա Twitter-ում: Գործարարը նաեւ հարցրել էր իր բաժանորդներին՝ ինչ ցուցանիշների, ըստ նրանց, կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին:

Նա նաեւ խորհուրդներ է տվել օգտատերերին, թե որտեղ է պետք ներդրումներ կատարել գնաճի բարձր պայմաններում։ Գործարարը կարծում է, որ այժմ ավելի լավ է ներդնել «ֆիզիկական իրերում», ինչպիսիք են անշարժ գույքը կամ խոստումնալից ընկերությունների բաժնետոմսերը, այլ ոչ թե դոլարի մեջ։ Միաժամանակ նա հավելել է, որ չի պատրաստվում վաճառել իր բիթքոինները, էթերիումները կամ Dogecoin-ը։
Մարտի 10-ին ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարին սպառողական գների ինդեքսը երկրում վերջին 12 ամիսների ընթացքում հասել է 7,9%-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1982 թվականի հունվարից ի վեր։
Ամսական կտրվածքով փետրվարին սպառողական գներն աճել են 0,8%-ով։ Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատը թանկացել են բենզինը, անշարժ գույքը եւ պարենային ապրանքները։