Գլամուրն ու քաղաքացիների խնդիրներն անհամատեղելի են․ Ինչո՞վ է զբաղված Դիանա Գասպարյանը

15/03/2022 11:58
Գլամուրն ու քաղաքացիների խնդիրներն անհամատեղելի են․ Ինչո՞վ է զբաղված Դիանա Գասպարյանը

Արմավիրի մարզի Չարենց փողոցի 591 տան բնակիչ Գեւորգ Մկրտչյանը արդեն մի քանի օր է թակում է քաղաքապետարանի դռներն ու հանդիպում պատի։
Բանն այն է, որ մարտի 9-ի լույսի 10-ի գիշերը, հատելով երկու մետաղական ցանցապատ պատնեշը, թափառող շները մուտք  են գործել Գեւորգի ընտանիքին պատկանող հավաբուն եւ հոշոտել ընտանիքի ապրուստ հանդիսացող թվով 32 հավերին ու աքլորներին։
Տես՝ լուսանկարը։


-Կեսգիշերին արթնացել ենք աղմուկից ու դուրս վազելով ականատես եղել այդ դաժան տեսարանին՝ ամբողջությամբ արյուն էր հավաբունը, հավերը գլխատված ու խեղդված,- պատմում է մեր կայքին դիմած Գեւորգը,- Իմ ընտանիքը ապրում էր վաճառված ձվերի գումարով։ Հիմա ի՞նչ եմ անելու։ Եթե ես մի շուն սատկացնեմ, ինչքան կենդանասեր ու կենդանապաշտ կազմակերպություն կա՝ դինգոներ  ու բինգոներ, ինձ կմեխեն պատին, բայց, որ ինձ պատկանող 32 հավերն ու աքլորները հոշոտվեցին, ոչ մեկի չի հետաքրքրում, անգամ Վաղարշապատի համայնքապետարանը մտահոգված չի, որ իր բնակիչը մնացել է առանց ապրուստի միջոցի։


Ըստ քաղաքացու, դեպքին հաջորդած օրը ինքը գրավոր դիմել է քաղաքապետին, որ փոխհատուցվի իր կրած վնասը, լուծվեն թափառող շների հարցը, սակայն մինչեւ օրս պատասխան չի ստացել։ 


-Ինձ մատնացույց արեցին քաղաքապետարանի բարեկարգման բաժինը, որը զբաղվում է կենդանիների ստերջացմամբ։ Զանգահարեցի, աշխատակցուհին հեգնանքով ու ծաղրելով է պատասխանել իմ զանգին, թե․«Իյա՜, լու՞րջ ես ասում․․․» եւ այլն։ Դա քիչ էր, բարեկարգման տնօրեն Արմեն Մոլքոնյանի աշխատասենյակում, լուսավորության բաժնի աշխատակիցը «արա»-յով ու «ապեր»-ով հոխորտալովհարձակվեց վրաս, սկսեց պաշտպանել ինձ ծաղրող աշխատակցուհուն։ Ապա մարմնով փակեց դուռը, որ ես չկարողանամ մտնել պետի աշխատասենյակ ինձ հուզող հարցի լուծումը ստանալու համար,-պատմում է Գեւորգ Մկրտչյանը։


Ստացվում է տուժած քաղաքացին, ով հարկեր ու տուրքեր է վճարում համայնքապետարան, իր իրավունքների պաշտպանության համար դիմում է քաղաքապետարան, որտեղ նրան, իր վճարած հարկերի հաշվին վարձատրվողները ծաղրում են ու վիրավորում ու ցույց տալիս դուռը՝ առանց լուծելու խնդիրը, որի համար բնակիչը դիմել է։


Հասկանալու համար ինչ է տեղի ունեցել, կապ հաստատեցինք Վաղարշապատի համայնքապետարանի բարեկարգման բաժնի տնօրենի հետ, ով հայտնեց, որ գրավոր դիմումի պատասխանից հետո իրենք կարող են գնալ տեղում ուսումնասիրություն կատարել ու հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում։


Իսկ այն հարցին, թե ի՞նչ կոնֆլիկտ է տեղի ունեցել, «լուսավորության աշխատակցի» հետ, ով պարզվեց բաժնի պետ Էդգար Մուքայելյանն է, տնօրենը պատասխանեց․ «Առաջինը Գեւորգն է սկսել, մեղավորն ինքն է, «արա»-յով խոսեց նա էլ պատասխանեց, ձայնը բարձրացրեց․․․», դիտարկամանը, որ «Թափառող շների խնդիրը սուր է դրված քաղաքում» տնօրենը պատասխանեց՝ «Դե մենք ամեն տարի իրականացնում ենք ծրագիր՝ ստերջացման, բայց դե բազմանում են, այս տարի էլ ունենք ծրագիր․․․Գիտեք էլի խնդիրը գոբալ է, ամեն տեղ կա այդ խնդիրը»
Թե ի՞ն ծրագիր է, եւ ինչպե՞ս են ստերջացված շները բազմանում՝ անհասկանալի է, բայց փաստը մնում է, որ աղբի մեջ կորած Վաղարշապատում, թափառող շները կարողանում են թափանցել մասնավորի տարածք ու վնաս հասցնել բնակչին, այս անգամ թիրախավորվել են թռչնազգիները, իսկ հաջորդ օրը կարող է հարձակման ենթարկվել մարդը։ 

Հուսանք, որ հրապարակումից հետո կլուծվի քաղաքացու խնդիրը եւ թափառող ոչ ստերջացված շների խնդիրը։ HZHAM.am-ը հետեւողական է լինելու։

Աննա Գրիգորյան