Գեղաձորցիների մտավախությունն ու սպասելիքները

22/02/2022 10:25
Գեղաձորցիների մտավախությունն ու սպասելիքները

Արագածոտնի մարզի, 1253 բնակիչ ունեցող Գեղաձոր համայնքում, երկար տարիներ սպասում են ասֆալտի։
-Տարբեր իշխանությունների ժամանակ խոստացել են ասֆալտապատել գյուղը, բայց այդպես էլ չի իրականացել խոստումները,- պատմում են գեղաձորցիները,- 2021 թ-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Նիկոլը գնում էր Արթիկ, մեր գյուղացիները ճանապարհը փակեցին՝ աղ ու հացով դիմավորեցին վարչապետին ու խնդրեցին չմոռանալ համայնքի ասֆալտապատման հարցը։ 

Խոշորացված Ծաղկահովիտ համայնքի, Գեղաձոր վարչական շրջանի ղեկավար Սմբատ Պետրոսյանի խոսքերով ծրագրով հաստատված է ու համայնքը ներառված է 2022 թ-ի ասֆալտապատման աշխատանքներին, բայց տեղացիները մտավախություն ունեն՝ հանկարծ չսառեցվի, քանի որ մարզի Լեռնահովիտ համայնքի ասֆալտապատումը կասեցվել է՝ ճանապարհի երկար լինելու պատճառով։
-Մեր գյուղի ճանապարհն ավելի կարճ է, հույս ունենք մեր գյուղը կանեն ասֆալտ,- հավատում են մարդիկ ու կարծիք հայտնում, որ հուսահատությունը մեծ կլինի, եթե այս տարի էլ չասֆալտապատվի Գեղաձորը։
Համայնքի միջնակարգ դպրոցի,թվով 142 սաները, ովքեր տարբեր մարզային ու տարածքային օլիմպիադաներում առաջադիմություն են ցուցաբերել , ամեն օր ցեխապատ ու քանդված ճանապարհ են կտրում-անցնում դպրոց հասնելու համար։
-Արագածի լանջին գտնվող գյուղում, տարվա իննը ամիսը ցեխ է ու սառույց, մեր երեխաներն էլ են ուզում բարեկարգ ու կոկիկ փողոցներով ման գան, հույս ունենք, որ «Դպրոցի ճամփան՝ երկար ու դժվար» կդառնա հարթ ու լուսավոր ուղի՝ դեպի դպրությունը,- ասաց համայնքի մանկավարժներից մեկը։

Ա․Գ․