Շառլ Լանդելի «Հայ կինը»

10/02/2022 13:59
Շառլ Լանդելի «Հայ կինը»

Այս նկարը՝«Հայ կինը»,Նապոլեոն III-ը գնել է Փարիզյան Սալոն կոչվող ցուցասրահի աճուրդում, հաղթելով այլ գնորդների։
Այնուհետեւ նկարը ձեռք է բերել Հըրթֆորդի 4-րդ մարկիզը։ Եվ այդ ժամանակից սկսած է «Հայ կինը» նկարը գտնվել Հըրթֆորդ ընտանիքի հավաքածուի մեջ, Լոնդոնի Wallace Collection-ում։ Յուղաներկով է նկարված, կտավի չափերը՝ 128 x 80 սմ։
«Հայ կինը» ֆրանսիացի 19-րդ դարի նկարիչ Շառլ Զաքարի Լանդելի (1821-1908) ստեղծագործությունն է, արված 1866 թվականին։ Ո՞վ էր Շառլ Լանդելը։ 1852-ին նա ստացել է Legion d’honneur՝ գնահատանքի ամենաբարձր եւ ամենապատվավոր կարգը Ֆրանսիայում, իսկ 1859-ին Նապոլեոն III-ի պատվերով նկարազարդել է Ելիսեյան պալատի հյուրասրահը։ Նա շատ է ճամփորդել Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ապրել է Եգիպտոսում, Ալժիրում, Մարոքոյում եւ շատ հնարավոր է, որ հենց այնտեղ է հայերի հանդիպել...
Մուգ ֆոնի վրա վառ գույներով պատկերված ազնվական մի կին ենք տեսնում։ Նկարը 19-րդ դարում շատ մոդայիկ դարձած, այսպես կոչված «օրիենտալ»՝ արեւելյան արվեստի յուրահատուկ նմուշ է։ Իմ կարծիքով, այն յուրահատուկ է՝ պատկերված կնոջ ազնվաբարո եւ կանացի տեսքի համար։ Նկարը գեղեցիկ է եւ ճաշակով, առանց ավելորդ բաների, որ հատուկ են օրիենտալ նկարների մեջ։ Կինը հանգիստ նայում է ինչ-որ տեղ՝ անորոշ հեռուն, բայց թվում է, թե հիմա պետք է շրջվի եւ հայացքը հառի մեզ վրա։ Նրա խոշոր մուգ աչքերի մեջ հանդարտություն կա, իսկ կարմիր ներկած շրթունքների անկյունում՝ մի փոքր ծալք, որը, կարծես, ժպիտի կվերածվի քիչ հետո։ Գեղեցիկ ձախ ձեռքը նազելիորեն հանգչում է կրծքին։ Վառ կարմիր գույնով ներկած զգեստը, համահունչ սպիտակ գլխաշորը եւ դեղին ոսկյա զարդերը ստեղծում են ապահովության, հանգստության եւ ներդաշնակության ալիքներ, որ դիտողը ընդունում է գեղեցիկ այս հայուհուց...

Աղբյուր