«Տերովին տերն է տարել, անտերին՝ դատախազը» պնդում է Հրաչ Խանոյանը

01/12/2021 22:40
«Տերովին տերն է տարել, անտերին՝ դատախազը»  պնդում է Հրաչ Խանոյանը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ ՊՆ N զորամասի ԿՇ ծառայության պետ, կապիտան Հրաչ Գագիկի Խանոյանի գործը, ով օգտագործելով իր պաշտոնական դիրքը, կատարել է խոշոր չափերով վատնում։ Հրաչ Խանոյանի, ով գործի սկզբից ընդունել է իր մեղավորությունը, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, այնուհետեւ, 2020թվականի նոյեմբերի երեքին, Տավուշի մարզի ընդանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչը հետագայում բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ դատախազի բողոքի հիման վրա։ Նշենք, որ այս ընթացքում, ազատության մեջ գտնվող Հրաչ Խանոյանը նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 17-ը Արարատի զորամասի կազմում մասնակցել է պատերազմական գործողություններին։
2019թ-ից կալանքի տակ գտնվող Հրաչ Խանոյանի պաշտպանների միջնորդությունները մերժվում են եւ ամբաստանյալը մնում է կալանավորված։
-Դատախազի պատճառաբանությունը, թե՝ ազատության մեջ ես կարող եմ խոչընդոտել ազատ դատավարությանը, մեղմ ասած անհիմն է, քանի որ ես ընդունել եմ իմ մեղքը, ես լինելով հասարակ չեմ կարող ազդել գործով անցնող բարձրաստիճան սպայակազմ ներկայացնող վկաների վրա, եւ կրկնում եմ՝ իմաստ էլ չկա ազդելու, չէ՞ որ ես իմ մեղքն ընդունել եմ,- ներկայացնում է Հ․ Խանոյանը,- Ես բազմիցս հայտարարել եմ՝ խափանման միջոցը փոխեք, ես ազատության մեջ կարող եմ աշխատել եւ փոխհատուցել վնասը, ինչն ամենակարեւորն է։ Սակայն, ինչպես երեւում է, դատախազությանը չի հետաքրքրում գումարի վերադարձը։ Տպավորություն  որ խնդիր է դրված կալանավորման ցուցանիշները բարձր պահել։ Մեկ տարի ութ ամիս է գործը դատարանում է, բայց զրո առաջընթաց՝ դրանից առաջ էլ մեկ տարի նախաքննություն։ Ես 2 տարի եւ 8 ամիս ազատազրկված եմ, իսկ գործի վերջը չի երեւում։
Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 8-ին։

Հ․Մ․