Կանխատեսվում է մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ ընտրությունների պատմության մեջ

25/11/2021 08:49
Կանխատեսվում է մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ ընտրությունների պատմության մեջ

«Դեկտեմբերի 5-ի ընտրություններին չենք պատրաստվում մեր մասնակցությամբ  քայքայենք մեր գյուղերը»,- նման վերաբերմունք են արտահայտում, դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու համամասնակա ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարզերի ազգաբնակչության մեծամասնությունը։
Ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց, գրեթե բոլոր գյուղերում մարդիկ անտարբեր են, չհետաքրքրված, հիասթափված, հոգսաշատ եւ մտահոգ։
-Մտահոգ ենք, որովհետեւ չենք ցանկանում մասնակցենք այնպիսի ընտրությունների, որի արդյունքում մեր գյուղերն ենք թուլացնելու, մեր գյուղի սեփական գիրն ենք կորցնելու, հայրենի ծննդավայրը դարձնում ենք բնակավայր, այսինքն, մի վայր է, որտեղ մեր սեւ օրերը կանցկացնենք հա՞։  Ի՞նչ է նշանակում բնակավայր, ոչ թե համայնք, կայացած, ինքնուրույն, անկախ։ Էս նեղ օրերին ու՞ր են մեր պատգամավոր կոչվածները, արվեստագետները, լուսավորիչներն ու շինականները, գյուղերի մասին մտածող չկա՞ էս երկրում։ Ամեն ինչը թամամ էր, մնացել էր գյուղերը խփեին իրար պրծնեի՞ն։ Մենք դեկտեմբերի 5-ին գնանք ընտրության, որ ո՞չ ասենք մեր համայնքներին քայքայման ծառայություններ մատուցող իշխանություններին։ Թաղել ենք մեր լավագույն ու կենսունակ ավանդույթներն ու արժեքները։ Մեր հրաշք երկրի անապահով վիճակն անտեսելով, առանձին  մարդիկ էսօր սեղան-աթոռի կռիվ են տալիս, աստված է՛լ բեթարից ազատի, թե սրանից էլ վատ վիճակում գտնվի հայը աշխարհի երեսին,-Թալինի տարածաշրջանի գյուղական համայնքներում ապրողների կարգավիճակը այսպես ներկայացրեց 76-ամյա մանկավարժ տղամարդը, չցանկանալով ներկայանալ։

Մեր զրուցակիցներին ուղղված այն հարցին, թե ինչու չեն ցանկանում տեսախցիկի առաջ իրենց կարծիքները հայտնել, վերջիններս պատասխանեցին․
-Վախի մթնոլորտում ենք ապրում, ինչի չգիտե՞ք՝ 37թիվն է, գիշերով կմտնեն հակա խոսողների տները, իրենց մանկլավիկներին էլ կսովորեցնեն, որ փողոցներով քայլելիս աջ ու ձախ մարդկանց հասցեներին վիրավորանքներ ու զրպարտանքներ ասեն։ Դուք մեզանից լավ գիտեք ինչ է կատարվում էսօր Հայաստանում։
Հերմինե Մանուկյան