Արձագանքում են Տյումենի մեր ընթերցողները․ Հայրենիքից հեռու, պահպանելով ազգային ինքնությունը

07/11/2021 23:33
Արձագանքում են Տյումենի մեր ընթերցողները․ Հայրենիքից հեռու, պահպանելով ազգային ինքնությունը

ՌԴ Տյումեն քաղաքի մեր հայրենակիցներից մեկը, ով ներկայացավ, բայց խնդրեց իր անունը չհրապարակել, անդրադառնալով Եթե նվեր՝ հայրենիքին․ մանուկներին է վերադարձվել իրենց մանկապարտեզը վերտառությամբ հոդվածին, մեծ ոգեւորությամբ ու հպարտությամբ պատմեց, որ ինքը ծնունդով վարդենիկցի է, բայց արդեն երկար տարիներ ապրում է Տյումենում, թեեւ հայրենիքի հետ կապը չի խզվել, բայց օտարության մեջ հայ մնալը մեծ դժվարությամբ են հաղթահարում։

Մեր զրուցակցի խոսքը ներկայացնում ենք առանց սղագրման․


-Մենք լավ կյանքից չի եղել, որ սովետի փլուզումից հետո տեղափոխվել ենք ՌԴ, մեր համար մեր արմատներին կպած մնալը ստացվում է, բայց արդեն մեր երեխաներն ու թոռները խնդիր ունեն՝ հայավարի մեծանալու։ Դպրոց ու սադիկ գնում են ռուսերենով, ինստիտուտ՝ ռուսերենով, տունը մենք ինչքան էլ հայերեն ենք խոսում, էս նոր սերունդի մոտ լեզու՛ն էլ, մտածողությու՛նն էլ ռուսերեն է։ Ամեն տարի, հատկապես ամառվա ամիսներին, գալիս ենք հայրենիք, ման ենք գալիս Հայաստանով, մեր ծննդավայրում ենք երկար մնում, բայց մեր երկիր, որպես տուրիստ ենք գալիս,- ձայնի մեջ ակնհայտ կարոտով ու ափսոսանքով պատմում էր տղամարդը,- Մենք վարդենիկցի շատ հզոր տղաներ ունենք Տյումենում՝ Մանուկյան Ռուդիկը, Բադոյան եղբայրները, ուրիշ քաղաքներում՝ Կարենը, Տիգրանը, նրանք բոլորը մեծ ավանդ ունեն մեր ծննդավայրի զարգացման հարցում, միշտ օգնել են հայրենիքին, ամեն րոպե պատրաստ են կանգնել ու ձեռք բռնել հային՝ Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս։ Իրանց ցավը տանեմ, բոլորն են պինդ ու ձիգ տղերք են։ Բայց մի առանձնահատուկ բան եմ ուզում կարեւորեմ, կոնկրետ իմ համար շատ կարեւոր է եղել դա ու կուզեմ, որ լուրերով այդ մասին խոսվի։ Երբ, տարիներ առաջ Տյումենի հայ համայնքի ղեկավար նշանակվեց Աբրահամ Հովեյանը, մեր համայնքում, մի տեսակ սկսեց զարգանալ ազգայինը։ Հիմա բացատրեմ, նախ՝ կառուցվեց մեր՝ առաքելական եկեղեցին, ու իմ համար ամենագլխավորը՝ Հովեյանի նախաձեռնությամբ Տյումենում բացվել է հայկական դպրոց, անձամբ Պապիկը՝ Հովեյան Աբրահամը,  եկել է Հայաստան ու ուսուցիչ հրավիրել, այստեղ պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները իրենց գիր ու գրականությունից չկտրվեն, որ մեր երեխաները, ապրելով հեռու՜ Տյումենում, իմանան, որ մենք Նարեկացու ու Քուչակի սերունդն ենք, որ մենք մաշտոցյան գիր ունենք,- մեր հայրենակիցը մի քանի րոպե դադար տվեց՝ դողդողացող ձայնից զգացվում էր, որ հեռախոսից այն կողմ մարդը հուզվել էր,- Որ մեր երեխաները պարզ ճակատով կանգնեն ուրիշ ազգերի դեմ ու ասեն՝ մենք այն հնադարյան ազգն ենք, որ շատ ու շատ հողմերի ենք դիմացել ու եկել հասել ենք այսօրվան, ու մենք դեռ կանգուն ենք լինելու։ Հայ եկեղեցի, գիր ու կրոն։ Աստված պահապան մեր ազգին ու ձեզ, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք։ Էլ չեմ կարող խոսել, բայց մի բան էլ ասեմ՝ այնքան ուրախ եմ, որ համահայկական խաղերին, թոռնիկս էլ Տյումենի հայ ներկայացուցիչների հետ եղավ Արցախում։ Անձամբ  Աբրահամ Հովեյանը կազմակերպել էր, որ մեր երեխաները գային Արցախ ու մասնակցեին այդ խաղերին, այնքան հպարտ եմ, որ գոնե թոռներիցս մեկը եղել է Արցախում, ու հույս ունեմ, որ մեր Արցախը դեռ կազատագրվի ու հայակակն քոչարին մի անգամ էլ մեր բերդաքաղաքում կպարենք։ Լավ մնացեք։

Կիսելով մեր հայրենակցի մտահոգությունները, հույս ենք հայտնում, որ իրոք Սփյուռքի բոլոր համայնքներում կկարեւորվի ազգային գաղափարախոսությունն ու մշակույթը եւ գլոբալիզացիայի այս խառը ժամանակներում, մեր արտերկրի հայրենակիցներին կհաջողվի պահպանել ինքնությունը։

Անի Մադոյան