Զանգեզուրի միջանցքի օպերացիան

12/10/2021 10:43
Զանգեզուրի միջանցքի օպերացիան

Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական Միլլի Մեջլիսը ընդունեց օրենք Անկախության օրվա մասին, որով մայիսի 28-ը սահմանվում է որպես Անկախության օր, իսկ հոկտեմբերի 18-ը՝ Անկախության վերականգնման օր: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, այսպես կոչված տարածքային վեճերի լուծման գործընթացի մեկնարկին ընդառաջ ընդունված այս քաղաքական որոշումը ամենևին արարողակարգային չէ, նպատակները շատ ավելի լուրջ են: Ադրբեջանական փորձագիտական հանրույթը օրենքի քննարկումներում բացահայտ խոսում է Զանգեզուրի մասին՝ մասնավորելով, որ ադրբեջանական բանակը Սյունիքից և Նախիջևանից ժամանակավորապես դուրս է բերվել 1919 թվականի նոյեմբերի 23-ին ի կատարումն նոյեմբերի 20-ին Թիֆլիսում մեկնարկած հայ-ադրբեջանական խաղաղության կոնֆերանսի արդյունքներով ՀՀ վարչապետ Ա. Խատիսյանի և Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության վարչապետ Ն. Ուսուբբեկովի կողմից ստորագրված խաղաղության պայմանագրի, որով կողմերը պայամանավորվում էին բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ սահմանների հետ կապված, լուծել բանակցությունների միջոցով: Նախատեսվում էր, որ պայմանավորվող կողմերը վիճելի շրջաններից դուրս են բերում իրենց զինված ուժերը, իսկ Զանգեզուրի վարչական կառավարումը ժամանակավորապես հանձնվում է ամերիկյան կառավարության ներկայացուցչին:
Բնականաբար, ՀՀ-ն մեղադրվում է պայմանագիրը խախտելու, տարածաշրջանի ադրբեջանական բնակչության սպանդի, էթնիկ զտումների ու բազմաթիվ այլ հանցագործությունների համար:
Պատմում են, որ 1919 թվականի դեկտեմբերի 14-21-ին Բաքվում, 1920 թվականի ապրիլի 9-11-ին Թիֆլիսում կայացած հայ-ադրբեջանական խաղաղության կոնֆերանսները անհերքելի ապացույց են՝ Ադրբեջանը խաղաղ բանակցությունների միջոցով ըստ ամենայնի փորձել է գտնել քաղաքական-դիվանագիտական լուծում Հայաստանի հետ Ղարաբաղի և Զանգեզուրի կոնֆլիկտի համար, բայց ադրբեջանական ջանքերը տապալվել են հայկական կողմի ապակառուցողականության պատճառով: Ուշադրություն դարձրեք, ոչ թե Ղարաբաղի, այլ Ղարաբաղի և Զանգեզուրի կոնֆլիկտի: Դասականը կասեր՝ տեղ հասանք, իջեք: Ու սա դեռ վերջը չէ: Ամենահետաքրքիրը, սովետականացումից հետո Ադրբեջանը կրել է անարդարացի տարածքային կորուստներ՝ համեստորեն ակնարկում են ոչ միայն Զանգեզուրը, այլև Երևանը և Ղազախի շրջանի մի մասը, որ1918 թվականի հուլիսին կայացած Ստամբուլյան կոնֆերանսի ժամանակ ադրբեջանցիները համաձայնել էին զիջել Հայաստանին Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելու դիմաց:
Կարճ կապեմ, հանգամանալից անդրադարձ է կատարվում նշված ժամանակաշրջանում արձանագրված ռազմաքաղաքական և դիվանագիտական անցուդարձին: Չեմ վերապատմի,առաջիկայում առիթներ շատ ենք ունենալու: Հիմա կարևորի մասին: Ադրբեջանը տեղավորվում է այս պահին իր համար չափազանց շահեկան թվացող դիրքում՝ բացահայտորեն նախապատրաստելով Զանգեզուրի միջանցքի օպերացիան, չեմ բացառի նաև հնարավոր անեքսիայի փորձը: Բայց այդ դիրքը շահեկան է այնքանով, որքանով ...Շարունակությունը հաջորդիվ ․․․

Վարդան Բալյան