«Զոլաքարում մարզպետին ծեծելով լարեցին, պատասխանն էլ սա եղավ». Ռեպրեսիան հասավ ՏԻՄ-երին

29/07/2021 11:30
«Զոլաքարում մարզպետին ծեծելով  լարեցին, պատասխանն էլ սա  եղավ». Ռեպրեսիան հասավ ՏԻՄ-երին

Այսօր երրորդ օրն է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի անդորրը խախտված է: Հուլիսի 27-ին, մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ, դադարեցվել է Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի լիազորությունները: Մարզպետի մեկ այլ որոշմամբ, համայնքի ղեկավարի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ՃՈ նախկին աշխատակից, զոլաքարցի Մխիթար Մկրտչյանը: 
Նշանակման առաջին իսկ րոպեից խաթարվել է համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը, իսկ համայնքապետարան դիմած քաղաքացիները տարակուսած են՝ «գայիշնիկը ի՞նչ է հասկանում հողային օրենքից, կադաստրից, ոռոգման ջրից, մեր հարցեին ո՞վ պետք է լուծում տա»:
Համայնքային ծառայողներն էլ են զայրացած, նրանց արդարացի պահանջն է՝ «մեզնից մեկին թող նշանակեին ԺՊ, գոնե ՏԻՄ օրենքին ենք տիրապետում, գործից անտեղյակ այս մարդուն բերել են, որ ի՞նչ անի, մեզ ղեկավարի՞»:
Տեղեկացնենք, որ երրորդ օրն է, որ գյուղը լցված է ոստիկանական ուժերով, համայնքապետարանն ավելի շուտ հիշեցնում է ոստիկանության բաժանմունք: Մեկ տասնյակից ավելի ոստիկաններ հսկում են համայնքապետարանն ու փորձում հոգեբանորեն ազդել տեղացիների վրա:
Անկարողությունից շվարած ԺՊ-ն չի կարողանում ազդել ո՛չ համայնքապետարան դիմած քաղաքացիների, ո՛չ ընդդիմացող աշխատակազմի վրա:
Լրագրողիս հանդիպելով, առաջին բանը որ արեց նորաթուխ համայնքապետը՝ զանգելն էր փոխմարզպետ Նարեկ Մանուկյանին, ով հեռախոսի մյուս կողմից թեւ էր տալիս Մխիթարին ու սովորեցնում ինչ պատասխանել լրագրողին. «Ասա՛, ես ԺՊ եմ, համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են, ինձ նշանակել են, չվախենաս: Ասա կլինի ընտրություն: Դուխով պատասխանի»,- լսվում է փոխմարզպետի խոսակցությունը: Նրա զանգին անմիջապես հաջորդում է մյուս զանգը, որին պատասխանելու ընթացքում Մխիթարի դողղացող ձայնից երեւում է, որ զանգողը շարքային քաղաքացի չէ, սա էլ է Մխիթարին գոտեպնդում՝ «Ոչմի բանից ու ոչ մեկից չվախենաս, մենք քո հետ ենք, դուխով եղի, քեզ բան ասող չի կարա ըլնի»:
«Հուսադրող» զանգերից հետո Մխիթար Մկրտչյանը պատասխանում է լրագրողիս հարցերին, թե՝ ինչպե՞ս ոստիկանության երկար տարիների աշխատակիցը, ում թոշակային տարիքը լրանում է երկու տարի հետո, հենց այնպես մեկ օրվա տարբերությամբ ազատվում է ոստիկանությունից ու նշանակվում համայնքապետի ԺՊ: 
-Ես ցանկություն եմ ունեցել, գնացել եմ դիմել եմ ինձ նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար:
-Պատրաստվու՞մ եք անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
-Այո:
-Մինչեւ ՔՊ-ի իշխանության անցնելը հարե՞լ եք նախկին իշխող կուսակցությանը:
-Չէ՜, ես միշտ ընդդիմադիր եմ եղել: Եկեք ինչ խոսել են սրանց մասին բան մի գրեք, հետո ամեն ինչ ընկնի տեղը կխոսենք: Ինձ համայնքը դեմ չի, ինձ աշխատակազմնա դեմ: Ես ընդունված ու հարգված մարդ եմ գյուղում:


«Համեստ ու խելոք մարդա, բայց ինքը գյուղապետ չի կարա լինի, ինքը գյուղապետությունից բան չի հասկանում»,- պատմում են զոլաքարցիները ու Արման Ղազարյանի լիազորությունների դադարը կապում են հունիսի 20-ին կայացած ընտրությունների հետ:-«Մխոն մեղքա, չի հասկանում ինչ սխալ բանա արել, ընգելա ջահել-ջուհուլի խելքին, մարզպետնա իրան թեւ տալիս»:
«Արմանը «Հայաստան» դաշինքի ռեյտինգային թեկնածու էր, մարզպետ Գնել Սանոսյանը որ եկավ մեր գյուղ, գյուղացիք լարեցին՝ ծեելով՝ դավաճանները մեր գյուղում տեղ չունեն: Ինքը զոլաքարցիների վրեժն լուծեց գյուղապետ Արմանից: Դիշովկա էլի...»- իրավիճակը յուրովի ներկայացնում են զոլաքարցիներն ու տեղեկացնում, որ համայնքը երկու մասից ընտրելու է իր ղեկավարին, արդյունքները, ըստ տեղացիների, մարզպետի սրտով չեն լինելու:

Աննա Գրիգորյան