Գնդեվազցի, անհայտ կորած, մինուճար՝ Արմեն Սահակյան

23/07/2021 23:52
Գնդեվազցի, անհայտ կորած, մինուճար՝ Արմեն Սահակյան


Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչ՝ Արմեն Սահակյանը, 44 օրյա պատերազմին  կամավոր մեկնեց սահման, որտեղ հայրը, վասն հայրենյաց կռիվ էր մղում: Հոկտեմբերի 5-ին զանգահարել էր կնոջը՝ Նանեին  ու հավաստիացրել.
-Ես հետ եմ գալու, չանհանգստանաս,-ասել է Արմենը:  
Գնդեվազում, ավտոմեքենաներ վերանորոգող՝ Արմենը պահանջված մասնագետ էր ու լավ ընկեր:
-Խելոք, խելացի, ընկերասեր տղա էր,-պատմում են գնդեվազցիները:
Վերջին անգամ, վիրավոր ընկերները նրան տեսել են Ջրականում՝ Ջաբրաիլում:
Արմենի 3 ամյա դուստրը՝ Մարին, բարձի տակ, ամեն գիշեր, ծամոններ է պահում՝ հորը հանդիպելու ու հյուրասիրելու հույսով:
Հարազատները մարզերի, տարբեր դիահերձարաններում փնտրել են Արմենի ենթադրյալ աճյունը ու չեն գտել:Արմենը չկա…անհայտ կորած է:
Որդեկորույս ծնողները վշտից, ժամ առ ժամ ճերմակում են, մոր՝ Մարինեի ծամերում չկար գեթ մեկ սև մազ:Երիտասարդ կնոջ մոտ արդեն նախաինֆարկտային նշաններ են ի հայտ եկել:
Քրոջ՝ Անիի որդին, Վաղինակն էլ անմեղ մի երազ է պատմում, որ քեռի Արմենը կարմիր ձիով եկել էր: Ու՞ր էիր հարցին, պատասխանել է, թե ոտքս ցավում է, ձիով եմ եկել:
Քույրը՝ Անահիտն էլ ասում է.
-Դիահերձարանից վերադառնալու օրը երազ տեսա, Արմենն ասաց, որ ճիշտ եք արել, որ չեք վերցրել ձեզ տված ոսկորները,-պատմում է քույրը,-Խելագարվում ենք այս տանջող ցավից:
-Ինձ էլ երազ է գալիս Արմենն  ու գոռում, գերի եմ, գերի՛…,-հուզմունքը կուլ տալով ասում է կինը:
Նարինե Հասրաթյան