Բնամթերքի գնաճը վերավաճառողնե՞րն են սահմանում(Տեսանյութ)

21/07/2021 13:37
Բնամթերքի գնաճը վերավաճառողնե՞րն են սահմանում(Տեսանյութ)

Արարատի մարզի Հովտաշատի տարածքում գործող, ժողովրդի կողմից ընդունված «Մեյմանդարի» գյուղմթերքների մեծածախ շուկան այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի բազմատեսակ է դարձել։ Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ հանրապետության այլ մարզերից շուկայում իրենց ապրանքներն իրացնողներն այս հանգամանքը կապում են «Մայմանդարի» շուկայի պատասխանատուների կողմից սպասարկման, վարձավճարների եւ այլ ծառայությունների բավարար լինելու հանգամանքներով։ 
-Էս շուկան միակն է, ուր որ մեր ապրանքը կարողանում ենք ծախենք։ Համբավավոր շուկա է Մեյմանդարը, չարչարված գյուղացու գրպանին հարմար, օրվա 24 ժամը էստեղ ենք լինում, հարմարությունները կան՝ մաքուր ասֆալտապատ, սնունդ, սանհանգույց, պռոբլեմի չենք հանդիպում,- ներկայացնում են իրենց բերքը վաճառքի բերած մարդիկ։


-Արեւի տակ չենք, անձրեւի տակ չենք։ Ամբողջ օրվա համար թե էստեղ 1000 դրամ ենք վճարում, Մալաթիայում 4000 հազար ենք տալիս, մեր համար 100 դրամն էլ նշանակություն ունի։ Դվին գյուղից ենք եկել, էս տարի Արարատի շուկայում չկարողացանք առեւտուր անենք, էստեղ ենք գալիս, արագ իրացնում ապրանքը։ Մենակ մի բանն է վատ, որ դեպի շուկան բերող ճանապարհները շատ վատ են, մեր բերքը շարքից դուրս է գալիս, մինչեւ տեղ ենք հասցնում։ Վատ է նամանավանդ Մասիսի քաղաքից, երբ, որ դուրս ենք գալիս, էդ հատվածը, միրգը վիրավորված տեղ ենք հասցնում, հա՛մ տեսքից է ընկնում, հա՛մ էլ փոշու մեջ կորած ա լինում,-ներկայացնում են մեր զրուցակիցները։
Վաճառողներին ուղղված հարցին,որ գյուղմթերքների գները կտրուկ ավելացան սակավաջուր եւ երաշտ տարվա պատճառաբանություններով, վերջիններս պատասխանեցին, որ հակառակը՝ այս տարի իրենք ավելի ցածր գներ են սահմանել։
-Մենք չենք թանկացրել մեր ապրանքը, հակառակը ավելի էժան ենք ծախում, էդ թանկացումները վերավաճառողներն են անում։ Իրենք են պատճառաբանում, թե պետական կամ տեղի վճարներ են անում, շատ քյար չունեն, դրա համար էլ գյուղացիներիս անունն է հելել, թե թանկացնում են։ Համ էլ գյուղացուն տվածը կորած չի, գյուղապրանք արտադրողն է ժողովրդին բերք ու բարիք հասցնողը, տեսնում եք չէ՞ մի քիչ բանջարեղենն ու միրգը թանկացավ, ասում են ոնց, որ սով լինի երկրում։ Բայց վախենալու չի էդքան էլ, թող մեր կառավարությունը գա կանգնի հող մշակողի թիկունքին, տեսեք ինչ հարստությունների տեր կդառնանք։  Հող մշակելը արարատյան դաշտի ապրողի համար մեկ բաժակ ջուր խմել է, մնում է պետության աջակցությունը։ Ոռոգման ջուրը առաջնահերթ, թունաքիմիկատների, պարարտանյութերի, կամ ուրիշ հողախառնուրդների  գները, որ  մատչելի լինեն, օգնեն մեզ, կտեսնեք թե գյուղացին էլ ճանապարհ կփակի՞ թե կկերակրի բոլորին։


Հերմինե Մանուկյան