«Գյուղերում արտակարգ դրություն չկա, խոտքաղ է, մեռնել ապրելու օր է...»

03/08/2020 14:02
«Գյուղերում արտակարգ դրություն չկա, խոտքաղ է, մեռնել ապրելու օր է...»


Տարվա ապրուստը հայթհայթելու համար Սարապատ խոշորացված համայնքում մարդիկ այնքան զբաղված են այս օրերին, որ արտակարգ դրության մասին, ինչպես իրենք են նշում, ժամանակ չունեն մտածելու։ Գյուղի կենտրում հավաքված տղամարդիկ տեսնելով լրագրողիս վկայականը, ոգեւորվում են՝ իրենց հոգսերի մասին խոսելու, խնդիրները բարձրաձայնելու համար:
-Գոնե տանից մեկն աշխատի, որ անասուններից ստացած եկամուտից բացի երեխայի պամպերսը, դպրոցի ծախսերն ու հիվանդանոցների ծախսերը անենք։ Գյուղերում արտակարգ դրություն չկա, խոտքաղ է, մեռնել ապրելու օր է, մենք էլ հեչ ժամանակ չունինք, որ կանգնենք արտակարգ դրության մասին մտածենք։ Գյուղացին հո քաղքցու նման չի ապրում, զօր ու գիշեր դաշտերն է, իսկ քաղաքացին քնի գելնի կմտածի թե, ըհն ժողովուրդն որ կողմն է գնում, մենք էլ էդ կողմ գնանք։ Քաղաքացին եթե որոշեց, որ էսօր չի աշխատի՝ չի աշխատի, իսկ մենք չենք կրնա չաշխադինք, չաշխադանք մեր ապրուստը դուրսը կմնա։ Մենք սոված կմնանք, մեր երեսն էլ աշող չկա, էս տարի էլ կորոնավիրուսն էլ եկավ Հայաստան մեր տղերքը մնացին անգործ, մեր տղերքը ուժեղ, առողջ, որ քարը սեղմեն ձեթ կհանեն, մնացին անգործ։  Ով բարեկամ ու թիկունք ունի, աշխատանք ունի, ով էլ չէ նրա համար աշխատանք չկա։ Քեզի համար մալ պահե, ապրանք պահե, մեկ էլ եղունգ ունես գլուխդ քորե, ինչղ գուզես ապրի.-պատմում է տեղի բնակիչ Ռ․ Ստեփանյանը։
-Էս քանի վախտը պետական ճամփեքն են սարքում, մեր դուռ ու երթիկը սաղ ասֆալտ եղավ լավ էր,- զրուցակիցներիցս մեկը  ուրախ ծիծաղելով շարունակում է ներկայացնել համայնքի հոգսերը,- Քանդած ասֆալտը բերին լցրին գյուղի ճանապարհները որոշակի բարեկարգվեցին, էս մեկը լավ է։ Մեր տղամարդկանց աշխատանք էղնի, որ իրենց ընտանիքները պահեն։ Յոթ հոգանոց ընտանիք ենք, մտածում ենք, որտեղի՞ց մի կոպեկ կգա, ոչ մի տեղից հույս չունենք։ Աշխատանք չկա, որ գոնե էդ հասարակ  աշխատանքից թեկուզ 20 հազար դրամ ստանանք։ Գեղացու դժվար կյանք՝ անասուն ենք պահում, կաթ ենք հանձնում, որ բացի կաթնամթերքից ուրիշ այլ ծախքսերը հոգանք։  10-15  օր կաթը պահում ենք մեր տան համար մշակում ենք, դրանից հետո հանձնում ենք Ազատանի «Իգիթ»-ին։ 150  դրամ է լիտր կաթը լավ է կարգավորվեց ու հիմա գյուղացին իր եկամուտից բան հասկացավ։ նախկինում սեզոնին կաթի գինը իջեցնում էին մինչեւ 120 դրամ, հիմա լավ է գինը հանձնում ենք ու ամեն տասնօրյակ «Իգիթ»-ի տղերքը բերում կաթի գումարները տալիս են, չենք դժգոհում, բարեխիղճ են։ Էս քանի՜ տարի իրանց ենք հանձնում կաթը, Շիրակի մարզում շատ են կաթի արտադրությունները, բայց մարդիկ վստահում են նրանց, ով ժամանակին է վճարում ու  լիտրի մեջ չի խաբում։ Իսկ կաթ հավաքող կա, որ 10 լիտրանոց մալոչնիկը լիքը լցնում ենք ասում են 8 կամ 9 լիտր է, խաբում են չհասկանալով, որ մենք էլ ենք խելացի, ամեն անգամ չենք խաբվի,-պատմում է սարապատցի բազմազավակ ընտանիք հայրը, բազմանաշանակ ժպտաց վերջինս չհայտնելով անունը։

Օֆելյա  Թովմասյանը նույնպես կաթը վաճառում է, բացի կաթնամթերքից օգտվելուց ընտանիքում հազար ու մի խնդիրներ կան, պետք է այդ հարցերն էլ լուծել։
-Մեր երեխաները խանութի պանիր ու կարագ են ուտում, նոր սերունդ է, էլ տնականը հաշվի չեն առնում, կաթի փողը ստանում ենք 10 օրը մեկ, ինչ պետք է առնում ենք։ Մենք էլ ենք Ազատանի գործարանին տալիս, ում ուզում եք հարցրեք, բոլորն էլ կաթը հանձնում են ու չեն դժգոհում։ Եթե աշխատանք չկա աշխատող մարդը փող է ստեղծում անասուն պահելով, որ չանենք ով կբերի մեզ կտա։ Հարեւանի դուռը խփելու ու պարտք ուզելու փոխարեն կտանջվինք, որ ուրիշի ձեռքը չնայենք, էդ է գյուղացու օր ու արեւը,- ներկայացնում է կինը՝ խնդրելով չլուսանկարել իրեն։
Ընթերցողին տեղեկացնենք, որ 2016թ-ին Շիրակի մարզի Սարապատ եւ 14 սահմանակից համայնքների խոշորացումից հետո, համայնքում եւ բնակավայրերում լուծվել են մի շարք կուտակված խնդիրներ, սակայն գյուղաբնակների հետ զրույցներում վերջիններս անհանգստացնող միակ թեման իրենց սոցիալ-տնտեսական ծանր կարգավիճակն էր։